Ստեփանակերտի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած 5 անչափահաս այսօր տեղափոխվել է ԱՄՆ-ի և Բելգիայի առաջատար բժշկական կենտրոններ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«ԱՄՆ-ի և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել պայթյունից տուժած 5 պացիենտ։ Նրանք բոլորն անչափահասներ են,-հայտնում են ԱՆ-ից։
ԱՆ-ից հայտնում են, որ Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ։
12 պացիենտներից 5-ն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, տեղափոխվել էր Իտալիա։
Հոկտեմբերի 7-ին ԱՆ-ից հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած 7 պացիենտ տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա։
Սեպտեմբերի 25-ին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: