ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ ժամանել է Արցախ, տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։
Նշված է, որ առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և պարզել բնակիչների հումանիտար կարիքները։ Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Նշենք, որ առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը հոկտեմբերի 1-ին էր այցելել Արցախ։ ՄԱԿ-ի առաքելությունը, որում ընդգրկված են կազմակերպության տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ, ժամանել է Արցախ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում էր, որ պատվիրակությունն անցել է Ակնայով և շարժվել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: