Արգենտինայի հայերը երթ են անցկացրել ի պաշտպանություն Արցախի, դեպի Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատուն, հայտնում է Diario Armenia-ն։
«Հոկտեմբերի 7-ին Արգենտինայի հայ համայնքը երթ է անցկացրել դեպի Ադրբեջանի դեսպանատուն՝ դատապարտելու ցեղասպանությունը, որին ենթարկվել է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) բնակչությունը»,- գրել է թերթը։
Մի քանի հարյուր հայեր դուրս էին եկել Արգենտինայի մայրաքաղաքի փողոցներ՝ «Կատարվում է նոր ցեղասպանություն» և «Ադրբեջանի էթնիկ զտումների հետևանքով վտարված 120.000 հայեր» գրություններով պաստառներով։
Երթին մասնակցում էին նաև Արգենտինայի և Չիլիի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Արեն Շահենյանը և Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների (IARA) նախագահ Ալեխանդրո Կալպակյանը։ Նրանք պահանջում էին ազատ արձակել ձերբակալված Արցախի ղեկավարներին, ռազմագերիներին և շրջափակման ժամանակ առևանգված խաղաղ բնակիչներին։
«Պահանջում ենք անհապաղ, առանց որևէ պայմանի ազատել Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի կալանավորված քաղբանտարկյալներին՝ Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Դավիթ Իշխանյանին, Արշավիր Ղարամյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և Դավիթ Բաբայանին։ Ինչպես նաև 2020 թվականի պատերազմից ի վեր 37 ռազմագերիներին, երեք քաղաքացիական անձանց և 34 ռազմագերիներին»,- ասել է Կալպակյանը։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ՝ եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։