Տեղեկությունն այն մասին, որ Հայաստանում արցախի ներկայացուցչությունը և Օպերատիվ շտաբը կարող են լուծարվել, հաստատվել է: Armenia Today-ի հետ զրույցում ներկայացուցչության մամուլի պատասխանաու Արմինե Հայրապետյանը նշեց, որ եթե կա Արցախի ԱԳՆ, ուրեմն կա նաև ներկայացուցչությունը, եթե կա Արցախի կառավարություն, ապա կա նաև Օպերատիվ շտաբը:
«Եթե նրանք չկան, ապա նրանց կից կառույցները ինչպե՞ս կարող են նույն ձևաչափում գոյություն ունենալ»,- ասաց նա:
Հայրապետյանի խոսքով՝ աշխատակիցները չեն ստացել սեպտեմբերի աշխատավարձն ու հավանաբար չեն ստանա, քանի որ բյուջե չկա:
Նշելով, որ իր մեկնաբանությունը չի կարող լինել պաշտոնական, Հայրապետյանն ասաց, որ փաստացի պետական հիմնարությունները չեն աշխատել, հետևաբար ծառայությունների մատուցման համար չեն վարձատրվելու: «Եթե անգամ լինի վարձատրություն, ապա դա չի կարող կոչվել աշխատավարձ»,- ասաց նա:
Մեր հարցադրմանը, թե մինչև 2024 թվականի հունվարի 1-ը Արցախի կառավարությունը գոյություն ունի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դուք կարո՞ղ եք Ստեփանակերտի անձնագրայինից տեղեկանք ստանալ, ուրեմն փաստացի կառույցները չեն գործում»:
Հայրապետյանի խոսքով՝ արցախահայերն այսօր գոյաբանական խնդրի առաջ են կանգնած, պետական ապարատի մեծաթիվ աշխատողներ գործազուրկ են: Նա որևէ տեղեկություն չունի, թե արդյո՞ք Արցախի կառավարությունը կդիմի ՀՀ կառավարությանը՝ լուծում տալու այս հարցերին, թե ոչ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
Հայաստան Արցախից բռնի տեղահանվել է 100 632 անձ: