ՀՀ էկոնոմիկային նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը «Հումանիտար կենտրոն»-ի մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Արցախի գործարարների հետ քննարկումների արդյունքները։ Նա հայտնել է, որ նախարարության ներկայացուցիչները գործարարների հետ բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ են քննարկել, որոնք էկոնոմիկայի նախարարությունը մշակել և ներկայացրել էր կառավարության հաստատմանը։
«Հանդիպումը մի քանի օր առաջ տեղի ունեցավ և մեր գնահատմամբ բավականին արդյունավետ էր։ Գաղափարները հիմնականում վերաբերելի են սկսնակ գործարարներին, ՀՀ-ում աշխատանք փնտրողներին ու կայացած գործարարներին, որոնք իրենց արտադրական կարողությունները կորցրել են վերջին դեպքերի ընթացքում»,- մանրամասնել է նա։
Փոխնախարարի խոսքով՝ նմանատիպ ծրագիր արդեն իսկ գործում է ՀՀ-ում և վերաբերում է վարկավորման արտոնյալ պայմաններին։
«Էկոնոմիկայի նախարարությունը մինչև տասը տոկոսային կետով սուբսիդավորում է վարկեր և լիզինգ՝ մեքենասարքավորումների ձեռք բերելու համար։ Ոլորտները բավական ներառական են՝ սկսած մշակող արդյունաբերությունից մինչև շինարարություն և հյուրանոցային տնտեսություններ։ Գործարարները կարող են դիմել և ստանալ համապատասխան վարկավորումը արտոնյալ պայմաններով»,- մանրամասնել է նա։
Գևորգյանը հավելել է, որ կան նաև գյուղատնտեսական նշանակության ծրագրեր, որոնք Էկոնոմիկայի նախարարությունը կներկայացնի առաջիկա օրերին տեղի ունենալիք նմանատիպ քննարկմանը։
Հոկտեմբերի 9-ին Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է