ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշել է բռնի տեղահանված արցախցիներին Հայաստանում մնալն ապահովելուն ուղղված այն քայլերը, որոնք պետք է կատարվեն կառավարության կողմից: «Բռնի տեղահանված արցախցիները մեծ թվով խնդիրներ ունեն, սակայն նրանց Հայաստանում մնալուն և չարտագաղթելուն ուղղված առաջին քայլը պետք է լինի նրանց մշտական տանիքով ապահովելու ծրագրերը: Պետք է սահմանվի հստակ չափորոշիչներ, ըստ դրա կազմվի բնակարանային կարիքներ ունեցողների ցանկը: Առաջնահերթություն պետք է սահմանվեն Հայրենիքի պաշտպանության այս 3 տասնամյակների ընթացքում նահատակված հերոսների ընտանիքների, բազմազավակ ընտանիքների և այլ խմբերի համար: Ընդ որում` հրատապություն սահմանել այն ընտանիքների համար, որոնք վերջին 30 տարվա ընթացքում, պատերազմական գործողությունների ժամանակ, մեկից ավելի զոհ են ունեցել: Ցավոք, այդպիսի ընտանիքները քիչ չեն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը:
Անդրադառնալով հիմնական ֆինանսական աղբյուրներին, Աբրահամյանն, առաջին հերթին մատնանշել է Արցախին յուրաքանչյուր տարի հատկացվող ֆինանսական միջոցները` Արցախի Հանրապետության բյուջեի չափով:
Նրա խոսքով՝ միջազգային այն կազմակերպություններն ու երկրները, որոնք հայտարարել են ստեղծված իրավիճակում գումարներ հատկացնելու մասին, պետք է ամբողջությամբ կամ մեծամասամբ ուղղել այս ծրագրի իրագործմանը:
Նաև պետք է կրճատել ՀՀ պետական բյուջեով նախատեսված բոլոր շռայլությունները` պարգևավճարներից մինչև չիրագործվող կապիտալ ծախսեր, որոնց կատարողականը խայտառակ մակարդակի վրա է և ամբողջությամբ ուղղել այս կարիքների բավարարմանը:
Եվ վերջապես, պետական բյուջեով նախատեսված բնակարանային արտոնությունների տարատեսակ ծրագրերից ևս` նվազագույնն առաջիկա 3-5 տարին, ուղղել արցախցիններին բնակարաններով ապահովելուն:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։