Բաքվի դատարանում շարունակվում է Հակարիի կամրջին ապօրինի առևանգված Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը: Նա մեղադրվում է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր կատարած հանցագործությունների մեջ:
Հոկտեմբերի 13-ին Բաքվի Յասամալի շրջանային դատարանում տեղի է ունեցել ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով նախադատավարական նիստը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Պետական մեղադրող Մուգադես Սուլթանովը խնդրել է գործը տեղափոխել դատարան և չփոխել մեղադրյալի խափանման միջոցը։ Քրեական գործի քննությունը նշանակված է հոկտեմբերի 17-ին։
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Նույն օրը Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։
Հուլիսի 30-ին Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար մինչև օգոստոսի 8-ը Ադրբեջանին ժամանակ տրամադրել: Ներկայացված տեղեկությունները փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին: