Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը միջազգային հանրությանը կոչ է արել ապահովել ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան, գրել է նա X-ում (նախկին Twitter):
«Միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ՝ Ադրբեջանը շինծու քրեական գործով կամայական դատավարություն է իրականացնում անմեղ անձի նկատմամբ»,- նշել է Ստեփանյանը և հիշեցրել, որ Խաչատրյանին առևանգել են Լաչինի միջանցքում գտնվող անցակետից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ուղեկցությամբ։
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականներն առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Նույն օրը Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։
Հուլիսի 30-ին Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար մինչև օգոստոսի 8-ը Ադրբեջանին ժամանակ տրամադրել: Ներկայացված տեղեկությունները փոխանցվել էին Խաչատրյանի հարազատներին:
Հոկտեմբերի 13-ին Բաքվի Յասամալի շրջանային դատարանում տեղի էր ունեցել ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով նախադատավարական նիստը։ Վագիֆ Խաչատրյանի գործով հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 17-ին։