Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե ինչպես կարող է չեղարկվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած՝ Արցախի լուծարման մասին հրամանագիրը։
«Իրենք որ հրաման են ստորագրել, ստորագրել են, որ մինչև հունվարի 1-ը գործում է: Միակ լեգիտիմ մարմինը դա ԱԺ-ն է Ղարաբաղի, որը պետք է նայի էդ հրամանը, ուղարկի վերաքննիչ դատարան, կնայեն, կասեն, թե ինչքանով է այդ հրամանը իրավական առումով համապատասխանում կամ՝ ոչ: Հետո արդեն ԱԺ-ն կորոշի իր քայլերը, եթե չի համապատասխանում, ապա կհեռացնի նախագահին այդ կետերը խախտելու համար, կընտրի նոր մարմին, որը կկառավարի, կփորձի լուծել ամբողջ ժողովրդի վերաբնակեցման խնդիր, կամ բանակցությունների խնդիր»,- ասել է նա:
Խոսելով արցախցիների վերաբնակեցման մասին՝ Բաբայանն ընդգծել է, որ դա հնարավոր է միայն Արցախին ինքնավար մարզի կարգավիճակ տրամադրելու պարագայում։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի բարձրաստիճան ղեկավարների գերեվարմանը՝ Բաբայանը դրանում մեղադրել է «5-րդ շարասյան» լրատվամիջոցներին։
«Որ պարոն Բաբայանը դուրս էր եկել, սկսել էիք աշխարհով մեկ թմբկահարելը՝ թե ոնց է անցել, նրան պետք է ձերբակալեին։ Երկու օր թմբկահարել եք, էս ամբողջը եփել եք, ադրբեջանցիք էլ հասկացել են, որ կարելի է և ձերբակալել, մի հատ էլ շոու անել՝ արեցին: Մինչև իմ անցնելը, ինձանից հետո և իմ հետ 25 մարդ է անցել ինչո՞ւ ոչ մեկին չեն ձերբակալել, ինձ էլ հետը: Հենց դուք ասիք՝ եղավ»,- ասել է նա:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի Հանրապետության պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի ձերբակալության մասին։ Սեպտեմբերի 27-ին գերեվարվելել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, սեպտեմբերի 30-ին՝ Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը, իսկ սեպտեմբերի 29-ին՝ Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։
Armenia Today-ին հետ զրույցում Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հայտնել էր, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները չեն այցելել սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ղեկավարության ներկայացուցիչներին։