ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանում ԼՂ մարդասիրական և մարդու իրավունքների ճգնաժամի կապակցությամբ համատեղ հայտարարություն ընդունած երկրների թիվը հասել է 40-ի, հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողության, ինչպես նաև 9 ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով, ինչը հանգեցրել է հումանիտար ծանրագույն իրավիճակի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։