ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դիմումի շրջանակներում Արցախի վերաբերյալ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում մեկնարկած լսումները, ԵԽԽՎ-ի, ԵԽ-ի կողմից վերջերս ընդունված բանաձևերն իրավական ազդեցության տեսանկյունից անհրաժեշտ, բայց ոչ բավարար հանգամանք է համարում։ Armenia Today-ի հետ զրույցում նա խոսել է այն հիմնական թեզի մասին, որն, ըստ ՀՀ առաջին ՄԻՊ-ի, չի հնչում նույն ՄԱԿ-ի արդարադատության դատարանի կողմից։
«Մինչև թե՛ ՄԱԿ-ի արդարադատության դատարանը, թե՛ որևէ այլ ատյան չխոսի Ադրբեջանի կողմից կատարած հստակ հանցագործության մասին, բոլոր մնացած գործընթացներն անհրաժեշտ են, բայց բավարար չեն։ Խոսքը հետևյալ թեզի մասին է․ Ադրբեջանն ուղղակի ուժ է կիրառում արդեն իսկ ինքնորոշված իրավունքի դեմ՝ իրականացնելով ցեղասպանություն։ Մինչև այս թեզը չհստակեցվի, մենք մնալու ենք ավելի քան տարօրինակ վիճակում։ Աննախադեպ երևույթ է․ ավելի քան 30 տարի գոյություն ունեցող, միջազգային իրավունքի համապատասխան կայացած պետությունը՝ Արցախի Հանրապետությունը, ոչնչացվում է, բացի այդ, Ադրբեջանը պահանջում է «մեղայականով հանդես գալ»։ Այդ տրամաբանության մեջ բոլոր նրանք, ովքեր պայքարել են ինքնորոշման իրավունքի հաստատման համար, որպես «հանցագործ», որպես «ահաբեկիչ» են դիտարկվում»,- նշեց Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ այսօր քչերն են հասկանում, որ Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաների ձերբակալությունները սիմվոլիկ նշանակություն ունեն։
«Իրականում՝ դատում են ամբողջ հայությանը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի համար տված պայքարի համար։ Սարսափելի նախադեպ է սա։ Այո՛, ողջունելի են նույն ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ելույթ ունեցող դատավորների, փաստաբանների թեզերը, փաստերը, բայց խնդիրն այն է, որ հստակ թեզի մասին խոսք չկա․ կրկնում եմ՝ Ադրբեջանը, իր շարունակական ցեղասպան գործողություններով, ուղղակի ուժ է կիրառում արդեն իսկ ինքնորոշված իրավունքի դեմ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նման պայմաններում միջազգային ատյանների, այդ թվում՝ ՄԱԿ-ի արդարատադության դատարանի հնարավոր որոշումները կարող են արժանանալ նախկինում ընդունված որոշումների ու վճիռների ճակատագրին, այսինքն՝ անտեսվել Ադրբեջանի կողմից։
Նա հիշեցրեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից Ադրբեջանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու կոչը։
«Օկամպոն 6 ազգանուն էր նշել, այդ ցուցակը պետք է շրջանառության մեջ դնել։ Նրանք, որպես ցեղասպանությունը կազմակերպող անձինք, պետք է պատասխանատվության կանչվեն։ Մինչև չհասնենք նշվածին՝ բոլոր իրավական գործընթացները զուտ հերթական քայլերն են լինելու»,- ասաց նա։
Անդրադառնալով ԵԽԽՎ-ի, ԵԽ-ի բանաձևերի հնարավոր ազդեցությանը՝ Ալավերդյանն ընդգծեց, որ այս պահի դրությամբ դրանց ազդեցության տեսանկյունից որևէ ակնկալիք պետք չէ ունենալ։
«ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ և հակաիրավական, սուտ հիմքերով է սկսվել գործընթացը։ Նրանք այդ հիմքերով ԼՂ-ն Ադրբեջանի անքակտելի մաս ճանաչեցին։ Այս իրավիճակում տարօրինակ է, որ մենք որևէ ակնկալիք կարող ենք ունենալ։ Մինչև ՀՀ իշխանություններն ամբողջովին չհերքեն իրենց հայտարարությունները, մենք որևէ ակնկալիք չենք կարող ունենալ։ Այս համատեքստում ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից օրերս ԵԽԽՎ-ում արված ճառերը որևէ կոպեկ չարժեն։ Մինդեռ հստակ պետք է հայտարարել, որ նաև միջազգային իրավունքի տեսանկյունից ԼՂ-ն չի եղել ու չէր կարող Ադրբեջանի մաս լինել»,-եզրափակեց Ալավերդյանը։
Հոկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել էին Ադրբեջանի դեմ Հայաստանի դիմումի վերաբերյալ լսումները։ ՀՀ-ն տասը պահանջ էր ներկայացրել Ադրբեջանին՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարանից պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ։
ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 12-ին ընդունել էր բանաձև, որը դատապարտում է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ և արձանագրում, որ տարածաշրջանի գրեթե ողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի և Բաքվի հայատյաց քաղաքականության պատճառով։ Հոկտեմբերի 5-ին Եվրախորհրդարանում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև էր ընդունվել։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Բադալյան