ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Հումանիտար կենտրոն»-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 198 անձ դեռ շարունակում է բուժում ստանալ, նրանցից 44-ի վիճակը ծանր է:
«Այսօրվա դրությամբ՝ հայաստանյան տարբեր առողջապահական հաստատություններում բուժումը շարունակում է 198 անձ, նրանցից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր։ 19 բուժառու իր բուժումը շարունակում է արտասահմանյան բուժհաստատություններում»,- ասել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։