Բաքվում շարունակվում է Հակարիի անցակետում ապօրինի առևանգված և ձերբակալված Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Խաչատրյանը հրաժարվել է իր փաստաբան Նաթիգ Բեյբալաևի ծառայություններից ու նոր պաշտպան է նշանակվել Ռադմիլա Աբիլովան։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ի նիստի ժամանակ նախկին պաշտպանը ննջում էր:
Վագիֆ Խաչատրյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները: Նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր կատարած ծանր հանցագործությունների մի շարք հոդվածներով։
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Նույն օրը Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։
Հուլիսի 30-ին Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար մինչև օգոստոսի 8-ը Ադրբեջանին ժամանակ տրամադրել: Ներկայացված տեղեկությունները փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին: