Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողներն սկսում են մասնագիտական գործունեությունը Հայաստանում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում այսօր 33 բուժաշխատողի առաջնային մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրեր է շնորհել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նա նշել է, որ նախատեսվում է`
• Թույլատրել այն բուժաշխատողների գործունեությունը, ովքեր դեռևս չունեն ՇՄԶ անհրաժեշտ կրեդիտներ՝ միաժամանակ սահմանելով որոշակի ժամանակահատված, որի ընթացքում վերջիններս կարող են մասնակցել կրեդիտավորված դասընթացների՝ կուտակելով ՇՄԶ կրեդիտներ և ստանալ հավաստագրեր:
• Պետական պատվերի շրջանակներում ևս 1200 բուժաշխատողի անվճար վերապատրաստման ուղարկել մինչև տարեվերջ:
Այս պահին 300-ից ավելի մարդ ուղարկվել է վերապատրաստվման։
• Բոլոր բուժաշխատողների վերաբերյալ հավաքագրվում է տեղեկատվություն, թարմացվում է թափուր պաշտոնների ցանկը` ամբուլատոր-պոլիկլինիկական օղակից մինչև հիվանդանոցներ. համալրումները շարունակվում են:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։