Իսպանիայի խորհրդարանի յոթ խմբակցություններ հոկտեմբերի 17-ին ընդունել են հայտարարություն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած հարձակման վերաբերյալ, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին, գրում է «Արմենպրես»-ը։
Նշվում է, որ հայտարարության մեջ խմբակցությունները խստորեն դատապարտել են «Ադրբեջանի՝ արդարացում չունեցող հարձակումը, որը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար»։
Խմբակցություններն իրենց դժգոհությունն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ինչպես նաև կյանքի չի կոչում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։
Իսպանացի օրենսդիրները պահանջել են Ադրբեջանից անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները՝ հիշեցնելով, որ այդ պետությունը ժամանակին վավերացրել է Ցեղասպանությունների կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան։ Նրանք դատապարտել են ադրբեջանական գործողությունների հետևանքով հայկական կողմում գրանցված մարդկային կորուստները՝ իրենց համերաշխությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը կարող է և պետք է նպաստի հակամարտության բանակցային ու տևական լուծման որոնումներին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։