ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով կալանավորվել է պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով և պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, առաջարկել է չեղարկել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտնի հրամանագիրը Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին:
Նա մի շարք քայլեր է առաջարկել, որոնք կօգնեն պահպանել Արցախի գոյությունը և շարունակել արցախահայության պայքարն իրենց իրավունքների համար:
Աշոտյանի խոսքով՝ անհրաժեշտ է վերականգնել իշխանությունների հիմնական թևերի պարբերական ակտիվությունը, ներառյալ՝ խոշոր համայնքների ՏԻՄ-երը, առանձին իդենտիֆիկացիոն փաստաթղթեր հատկացնել արցախահայերին, Արցախի ԱԺ մակարդակով քննարկել և ընդունել ստեղծված իրավիճակին համահունչ սահմանադրական փոփոխությունների փաթեթ, համահայկական մշտական մեխանիզմների գերխնդիրներից մեկը դարձնել «Պետություն՝ առանց տարածքի» մոդելի ֆինանսական նվազագույն ապահովումը:
Աշոտյանը գտնում է, որ Արցախի Հանրապետության գոյությունը չպետք է ավարտվի 2024թ. հունվարի 1-ին, իսկ Արցախի հայկականության վերականգնման հեռանկարը ռեալ պահելու համար իմպերատիվ պահանջ է արցախահայության կազմակերպումը և գոյության շարունակությունը՝ որպես քաղաքական գործոն:
«Հայաթափման և բռնագաղթի առաջին շոկը հաղթահարելուն զուգահեռ՝ առաջնային է հայկական մտավոր, ֆինանսական, քաղաքական և այլ ուժերի կենտրոնացումը Արցախի Հանրապետության «պետություն՝ առանց տարածքի, կամ տեղահանված պետություն» մոդելի շրջանակներում պահպանման համար»,- կարծում է քաղաքական գործիչը:
Նա այս նպատակների իրագործման կարևոր նախապայման է համարում արցախահայության առաջնային սոցիալ-կենցաղային հիմնախնդիրների շոշափելի մեղմացումը և նրանց հնարավոր զանգվածային արտագաղթի կանխումը Հայաստանից: «Պետություն՝ առանց տարածքի, կամ տեղահանված պետություն». Աշոտյանը առաջարկներ է ներկայացրել Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ
Հունիսի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման պատճառների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հունիսի 16-ին Աշոտյանը երկու ամսով կալանավորվել էր։ Օգոստոսի 15-ին Աշոտյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր։
ՀՀԿ փոխնախագահին մեղադրանք էր առաջադրվել դեռ 2022 թվականի նոյեմբերին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։