Արցախի ժողովրդի արյան ու ողբերգությունների հաշվին խաղաղություն չի կարող լինել տարածաշրջանում, իսկ ցեղասպան ու բռնապետ Ալիևն էլ դրանով չի բավարարվելու, գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ քննադատելով Նիկոլ Փաշինյանի Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթը։
«Տպավորություն ունեմ, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ հետաքրքրված բոլոր ուժերն ուրախացել են Արցախի ժողովրդի ցեղասպանության փաստով՝ միամտաբար կարծելով, թե այդ հակամարտային հանգույցը հաղթահարված է և հնարավորության պատուհան է բացվել «խաղաղության համաձայնագրի» համար: Այնինչ իրականությունն այն է, որ Արցախի ժողովրդի արյան ու ողբերգությունների հաշվին խաղաղություն չի կարող լինել տարածաշրջանում, իսկ ցեղասպան ու բռնապետ Ալիևն էլ դրանով չի բավարարվելու: Ուստի, Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը պետք է լրջորեն ու վերջնականորեն հասցեագրվեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաթեթով, այլապես դա էլ է ձախողվելու»,- գրել է նա:
Բեգլարյանի խոսքով՝ այս իրավիճակը ՀՀ իշխանություններին և միջազգային դերակատարներին պարզապես պարտավորեցնում է վերանայել իրենց ձախողված մոտեցումները և բարձրացնել Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխավորման նշաձողը, որտեղ գլխավոր նպատակները պետք է լինեն Արցախի ժողովրդի վերադարձը հայրենիք, այնտեղ անվտանգ կերպով ապրելու միջազգային բարձր երաշխիքներ և արժանապատիվ կերպով ապրելու համար անհրաժեշտ ինքնակառավարման բարձր մակարդակ:
«Արցախի ժողովրդի ցեղասպանությունից ու հայրենազրկումից հետո նշաձողի ոչ թե հերթական իջեցումը, այլ՝ վերացումը խիստ անընդունելի ու անթույլատրելի է, քանի որ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը ոչ թե վերացրել է խնդիրը, այլ՝ ավելի ցցուն է դարձրել այն: Թող որևէ մեկը չկարծի, թե Արցախի ժողովրդի կարիքները զուտ հումանիտար բնույթի են և դրանք լուծելով կարող են համարել էջը փակված: Ո՛չ, Արցախի ժողովրդի գլխավոր կարիքն ու նպատակն իր հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ կերպով ապրելն է, իսկ հումանիտար կարիքները առաջացել են այդ հիմնական կարիքի բավարարման հարցում ամբողջական ձախողման հետևանքով»,- գրել է Արցախի նախկին ՄԻՊ-ը:
Բեգլարյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Արցախին առնչվող նույնիսկ ընդհանրական նախապայման-սկզբունքից, որն է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխավորում միջազգային մեխանիզմի շրջանակներում:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։