Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, որով չեղարկել է արցախցի պարտապանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, որի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան ԱՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից նույն օրը որոշում է ընդունվել վերացված համարելու պետական և համայնքային բյուջեների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների օգտին բռնագանձումներով պարտապանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները: Հրամանագրով միաժամանակ սահմանվել է, որ վերոնշյալ սուբյեկտների օգտին 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հետո բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման մինչև 2024 թվականի հունվարի 1-ը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ արգելանքների վերացումը չի ազատում պարտավորությունների կատարումից։
«Այն ժամանակավոր միջոցառում է, որի նպատակն է մեղմելու Արցախի շուրջ ս. թ. սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված պայմաններում հայտնված՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները՝ հիմնականում նրանց դրամական միջոցները ժամանակավոր չբռնագանձելու ձևով»,- ասված է ԱՏՇ հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին առանձին...