Արցախի օպերատիվ շտաբը կդադարեցնի աշխատանքները, հայտնել է շտաբի մամուլի ծառայությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության, այդ թվում՝ առողջապահական, կրթական, սոցիալական օգնության և համանման այլ հարցերով աշխատանքները շարունակում է համակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության Հումանիտար կենտրոնը:
«Առաջացող բոլոր հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող եք զանգահարել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շուրջօրյա գործող թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով, կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային (մարզային) կենտրոններ»,- նշվում է հայտարարության մեջ:
Այսպիսով, ելնելով վերոգրյալից` Աբովյան 9 հասցեում գործող Արցախի օպերատիվ շտաբը կդադարեցնի աշխատանքները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում արցախի ներկայացուցչությունը և Օպերատիվ շտաբը կարող են լուծարվել, Armenia Today-ի հետ զրույցում ներկայացուցչության մամուլի պատասխանաու Արմինե Հայրապետյանը նշել էր, որ եթե կա Արցախի ԱԳՆ, ուրեմն կա նաև ներկայացուցչությունը, եթե կա Արցախի կառավարություն, ապա կա նաև Օպերատիվ շտաբը:
«Եթե նրանք չկան, ապա նրանց կից կառույցները ինչպե՞ս կարող են նույն ձևաչափում գոյություն ունենալ»,- ասել էր նա: Հայրապետյանի խոսքով՝ աշխատակիցները չեն ստացել սեպտեմբերի աշխատավարձն ու հավանաբար չեն ստանա, քանի որ բյուջե չկա: