Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի ԶՈւ-ն միանգամից մեկուսացրել Արցախի 4 ուղղությունները, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
Նա փաստերով հրապարակել է հիմնադրամի կատարած ուսումնասիրությունները, որոնք իրականացվել են Արցախի գործընկերների և, մասնավորապես, Արցախի ՄԻՊ-ի հետ համատեղ։
«Մենք ունեցել ենք 4 ուղղություն՝ Մարտակերտ, Ասկերան, Մարտունի և Ստեփանակերտ։ Այս 4 ուղղություններն ադրբեջանական զինծառայողները միանգամից իրարից մեկուսացրել են»,- հայտնել է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ Մարտակերտի վրա հարձակումը եղել է Սարսանգի և Խաչենի ջրամբարների հատվածից։
«Այդ ուղղություններով է եղել նաև հարձակումն Ասկերանի վրա, որին հաջորդել է Ասկերանի մեկուսացումը։ Այնուհետ հարձակումները եղել են Ստեփանակերտի ու Մարտունու ուղղությամբ, որոնք ևս մեկուսացվել են»,- ընդգծել է Թաթոյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի բնակավայրերն մեկուսացնելու վրա այնպես են աշխատել, որ նրանց միջև կապն ընդհանրապես կորի։
Թաթոյանը հայտնել է, որ պատերազմի սկզբնական ժամանակահատվածում մարդիկ փորձել են վերադառնալ իրենց բնակավայրեր։
«Մեզ հետ առանձնազրույցների ժամանակ, սակայն, հայտնել են, որ ադրբեջանական զինծառայողներն իրենց տան վրա Ադրբեջանի դրոշն են դրել։ Արդյունքում ո՛չ կարողացել են տուն մտնել, ո՛չ էլ իրեր վերցնել։ Իսկ Ստեփանակերտի մուտքերն ու ելքերը փակել են այնպես, որ մարդիկ չկարողանան դուրս գալ»,- հավելել է Թաթոյանը՝ տեղեկացնելով, որ ադրբեջանցիները նաև Ստեփանակերտի խմելու ջրամբարն են վնասել։
Նա ցույց տվեց Ստեփանակերտից բերված պղտոր ջուրը, ինչը փորձաքննության են ենթարկելու։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Մանրամասները՝ տեսանյութում։