Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության բակում խոսել է ավելի վաղ ներկայացուցչության շենք ներխուժած արցախցիների հետ: Նրանք որոշում են կայացրել զրուցել շենքի բակում, քանի որ ներսում խոսելու համար ներկայացուցիչներ ընտրել չի հաջողվել:
Նախագահը պատասխանել է քաղաքացիներին հուզող որոշ հարցերի, մասնավորապես՝ Արցախը մեկ փաստաթղթով լուծարելու մասին մեղադրանքներ են հնչել, ինչին նա արձագանքել է:
«Առաջինը՝ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ: Դուք տեսե՞լ եք այդ փաստաթուղթը, սկզբից մինչև վերջ ծանո՞թ եք: Փաստաթղթի հետ կապված շատ հարցեր կան, որ ես ձեզ մոտ չեմ կարող ասել: Մենք այդ փաստաթղթի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերին ենք տեղյակ: Ոչ մի փաստաթղթով հնարավոր չէ լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը: Այս հարցին ես պատասխանելու եմ հրապարակային, Հ1-ի տաղավարում, որին նախապատրաստվելու մասով ցուցումս տվել եմ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ պատասխանելու է փաստաթղթի շուրջ առաջացող հարցերին, որն ընդունվել է ռազմական դրությունը կանգնեցնելու նպատակով, և հոկտեմբերի 20-ին՝ 24 ժամ հետո, ռազմական դրությունը կանգնել է: Շահրամանյանի խոսքով՝ քաղաքացիները գիտեն, թե որտեղ է կանգնել այն:
«Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ եթե մենք իմանայինք, որ կարող էինք հաղթել այդ ռազմական գործողություններում, մենք չէինք կանգնի մինչև վերջ: Մենք խնայել ենք մեր տղաներին, մեր քաղաքացիական բնակչության կյանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ մեկ ժամից կմտնեին քաղաք ու երեխաներին սպանել կսկսեին:
Շահրամանյանն առաջարկեց եկող շաբաթվա սկզբին հավաքվել ու զրուցել բոլոր հուզող հարցերի մասին:
Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքում իրավիճակը լարված էր։ Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա էին իրականացնում շենքի բակում, նրանք բողոքում էին նախագահի՝ հոկտեմբերի 19-ի որոշումից, որով հոկտեմբերի 1-ից որոշ պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու չեն վարձատրվել: