Արցախի վրա սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումից հետո բռնի տեղահանված 100․632 արցախցի մեր հայրենակիցները սոցիալական խնդիրների են բախվել, որոնցից ամենահրատապն աշխատանք գտնելն է։
Խնդիրը միանշանակ հեշտ կլինի լուծել պետության, բիզնեսի և հասարակության համատեղ ջանքերի շնորհիվ, որպեսզի ամեն ինչ կորցրած մարդիկ կարողանան իրենց ապագան կառուցել Հայաստանում:
Արցախից բռնի տեղահանվածներին աշխատանք գտնելու հարցում աջակցելու համար նախաձեռնություններ են ստեղծվել թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում։ Պետությունը նրանց առաջարկում է ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, Հայաստանում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին։ Արցախցիներին աշխատանքով ապահովելու ծրագիր է նախաձեռնել նաև Հայ գործարարների ասոցիացիան, որն իր պաշտոնական էջում թափուր հաստիքների բազա է բացել։
Armenia Today-ը զրուցել է գործատուների հետ՝ պարզելու, թե ինչ աշխատանք կարող են առաջարկել արցախցիներին Երևանում և Հայաստանի մարզերում։ Զրուցել ենք նաև աշխատանք փնտրող արցախցիների հետ՝ հասկանալու նրանց կարիքները։
Արցախից բռնի տեղահանված Կարինե Պետրոսովան աշխատել է Ստեփանակերտում՝ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունում։ Կարինեի 14 հոգանոց ընտանիքն այսօր բնակվում է Հրազդանում՝ 2 սենյականոց բնակարանում։ Նոյեմբերից այլ տուն են տեղափոխվելու, որի վարձը 280 հազար դրամ է։ Կարինեն Հայաստանում աշխատանք է փնտրում։
«Ամենուրեք դիմելով՝ աշխատանք եմ փնտրում։ Լավ կլինի, որ այն մասնագիտական լինի, բայց, ինչպես բոլոր տեղահանվածները, ես ևս պատրաստ եմ նվազագույն աշխատավարձից բարձր վարձատրվող գրեթե ցանկացած աշխատանքի, որպեսզի կարողանանք հոգալ ընտանիքի կարիքները, տան վարձ տալ և գոյատևել»,- մեզ հետ զրույցում նշեց Կարինե Պետրոսովան։
Մասնագիտությամբ տնտեսագետ Արտակ Մկրտչյանն աշխատել է Արցախի գյուղատնտեսության նախարարությունում։ Արցախի Մարտունի քաղաքից է, ընտանիքում չորսով են։ Այժմ Էջմիածին քաղաքում բարեկամների հետ են բնակվում։ Հաշվի առնելով ֆինանսական սուղ միջոցները՝ միասին են բնակարան վարձակալել։
«Ներկա պահին այնպես չէ, որ պարտադիր մասնագիտական աշխատանք եմ փնտրում։ Կարևորն աշխատանք լինի, գումար լինի, որ կարողանանք և՛ տան վարձ տալ, և՛ ընտանիք պահել»,- ասաց Արտակ Մկրտչյանը։
Մեր զրուցակիցները՝ Կարինե Պետրոսովան և Արտակ Մկրտչյանն Արցախից բռնի տեղահանված մյուս հայրենակիցների հետ մասնակցում են «Move2Armenia» կազմակերպության զբաղվածության միջոցառմանը, որի ժամանակ շուրջ 20 ընկերություններ նրանց ավելի քան 1000 աշխատատեղեր են առաջարկում։ Այստեղ նրանք հնարավորություն ունեն շփվել գործատուների հետ, հարցազրույցներ անցնել, պատմել իրենց փորձի մասին։
«Միտքը 1000+ աշխատատեղն էր՝ սկսած սննդի, վերջացրած շինարարական ոլորտով։ Նպատակ ունեինք կազմակերպել կարճ՝ 5 րոպե տևողությամբ հարցազրույցներ, որոնց արդյունքում ավելի քան 1000 մարդ կտեղավորվի աշխատանքի»,- հայտնեց «Move2Armenia»-ի համահիմնադիր Գարիկ Գևորգյանը։
Միջոցառման շրջանակներում գործատու հանդիսացող «Time» ընկերության ներկայացուցիչ Լուսինե Վարդանյանի խոսքով՝ այս պահին պետք է համախմբվել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցելու գաղափարի շուրջ։
«Կարծում եմ՝ այս պահին բոլորիս պարտականությունն է օգնել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին՝ ով ինչով կարող է։ Մեր ընկերությունն ունի վաճառող խորհրդատուի, հաշվապահի, գրաֆիկ դիզայների և նախագծերի ղեկավարի հաստիքներ։ Միջոցառման շրջանակներում առաջարկում ենք այդ հաստիքները, որպեսզի հնարավորության սահմաններում կարողանանք օգնել նրանց աշխատանք գտնելու հարցում»,- ասաց Լուսինե Վարդանյանը։
«Move2Armenia» ընկերության կորպորատիվ մշակույթի և ներքին հաղորդակցությունների ղեկավար Տաթև Այրումյանը հայտնեց, որ արդեն աշխատանքով ապահովել են իրենց այն աշխատակիցներին, ովքեր եղել են Արցախի թիմում։ Այժմ ընկերությունը հավելյալ նոր ծրագրեր ունի նաև բռնի տեղահանված այն անձանց համար, ովքեր կցանկանան աշխատել ընկերությունում։
Արցախցիներին աշխատանքով ապահովելու հարցերը հոկտեմբերի սկզբին «Move2Armenia»-ի հարթակում համախմբել էին ավելի քան 50 գործատուի։ Քննարկման շրջանակներում զրուցել ենք նաև խոշոր գործատուների հետ՝ հասկանալու, թե ինչ առաջարկներ ունեն արցախցիներին։ Նրանք մեզ հայտնեցին, որ տարբեր առաջարկներ ունեն․ վերապատրաստում, դասընթացներ, աշխատանք՝ նաև օրավարձով։
Հատուկ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մեկնարկել է «Ամերիա սերունդ» ծրագիրը։ Կրթական ծրագրի անհրաժեշտ փուլերը հաջողությամբ անցնելուց հետո Արցախից բռնի տեղահանված 18-35 տարեկան անձինք նոր գիտելիքներ և հմտություններ կստանան։ «Ամերիաբանկի» տաղանդների ներգրավման, զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանն Armenia Today-ին հայտնեց, որ ուսուցման ընթացքում ծրագրի մասնակիցներն աշխատավարձ են ստանալու։
«Իրենք հնարավորություն կունենան վճարվելու, գիտելիքներ ստանալու ու աշխատանքի անցնելու։ Մենք չենք ունենալու պարտադիր պայման, ըստ որի՝ միայն մեզ մոտ պետք է աշխատանքի անցնեն։ Մեր լավագույն մասնագետները կներդնեն իրենց բոլոր ջանքերը, որպեսզի երիտասարդներին պատրաստեն աշխատանքի անցնել նաև այլ կազմակերպություններում»,- նշեց Վահան Մելքումյանը։
«Yandex»-ի նոր ծառայությունների գծով տնօրեն, Հայաստանում «Yandex» հանգույցի համակարգող Դմիտրի Ստեփանովը պատմեց ընկերության առաջարկների և հնարավորությունների մասին։
«Մեր ընկերությունը երկու հարթակ ունի․ «Yandex» տաքսի և «Yandex Eats»: Մենք այս երկու հարթակների շրջանակներում աշխատում ենք առաքիչների ծառայություններից օգտվող ընկերությունների հետ։ Հետևաբար, մեր գործընկերները կարող են վարորդի, առաքիչի աշխատանք առաջարկել արցախցիներին։ Ընդ որում, առաքիչների դեպքում մեքենա ունենալը պարտադիր պայման չէ, աշխատանքը հնարավոր է իրականացնել թե՛ ոտքով, թե՛ այլ փոխադրամիջոցներով»,- ընդգծեց Ստեփանովը։
Արցախի երիտասարդական ակումբների ալյանսի տարածաշրջանային համակարգող Զոյա Սարկիսյանը, որն այժմ աշխատում է «Move2Armenia» կազմկերպությունում, Armenia Today-ին հայտնեց, որ հոկտեմբերի սկզբից Արցախից բռնի տեղահանված 25-45 տարեկան 1530 անձանց շրջանում հարցում են իրականացրել։ Հարցվածների 75 տոկոսը կանայք են, 25%-ը՝ տղամարդիկ։ Հարցման մասնակիցների 70%-ը բարձրագույն կրթություն ունի և աշխատել է Արցախի պետական համակարգում։ Նրանցից 61%-ն ստացել է 100 000-300 000 դրամ աշխատավարձ։
«Հարցվածների 97 տոկոսը պատասխանել է, որ առաջիկայում պատրաստվում է մնալ Հայաստանի տարածքում ու պատրաստ է աշխատել ինչպես Երևանում, այնպես էլ մնացած քաղաքներում»,- նշեց Սարկիսյանը։
Մասնագիտությամբ ֆիզիկ, դասախոս Գրիգորի Ավանեսյանը 1980 թվականին Երևանից տեղափոխվելու ու Ստեփանակերտում կյանքը շարունակելու որոշում էր կայացրել։ Ստեփանակերտում նա սերունդներ է կրթել, հիմա նույն առաքելությունն ուզում է շարունակել հենց մայր Հայաստանում։
«Ես հիմա նորից եկել եմ մեր սիրուն համալսարանը՝ ԵՊՀ և աշխատանք եմ փնտրում։ Ֆիզիկայի ուսուցչի աշխատանք ևս փնտրում եմ»,- ասաց նա։
Գրիգորի Ավանեսյանը ոչ թե արտագաղթելու, այլ հենց Հայաստանում կյանքը շարունակելու ցանկություն ունի։ Ասում է՝ դժվարությամբ է ընդունել հայրենիքից տեղահանվելու փաստը, բայց, իր խոսքով, ընտրել է ազատության ճանապարհը, քանի որ համոզված է, որ ինչպես ինքը, մյուս արցախցիներն էլ երբևէ չեն ապրի Ադրբեջանի կազմում։
Աշխատանքի անցնելու հնարավորություններին և առաջարկվող աշխատանքներին Արցախի մեր հայրենակիցները կարող են ծանոթանալ ներքոնշյալ հղումներով՝
Ամերիա Սերունդ․ Արցախ
Երեմյան Փրոջեքթս
Հայ Գործարարների Ասոցիացիա
Yandex Go
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատատատեղերի բազա
Տեղեկացնենք նաև, որ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին աշխատանքով ապահովելուն միտված միջոցառումների շրջանակներում Երևանում տեղի կունենա աշխատանքի երկու ցուցահանդես՝
Career City Fest 2K23/Special Edition․ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00 -19:00-ին, Մերիդիան էքսպո։
Artsakh Career Expo․ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13։00-ից 20։00-ն, Էլիտ Պլազա բիզնես կենտրոն։
Move2Armenia Career, աշխատանքի տոնավաճառ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-20։00-ն, Marriott հյուրանոց։
Մանրամասները՝ Armenia Today-ի ռեպորտաժում։
Աննա Բադալյան / Տաթևիկ Աղաջանյան