Միացյալ Նահանգները և Եվրամիությունը կոչ են արել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողների իրավունքներն ու անվտանգությունը։ Այս մասին ասված է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։
Նշվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները «հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացածների, ինչպես նաև իրենց տները վերադառնալ ցանկացողների իրավունքներն ու անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ Վաշինգտոնը և Բրյուսելը նաև կոչ են արել «բոլոր կողմերին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և դրա կիրառման սպառնալիքի սկզբունքին»։
Հոկտեմբերի 20-ին Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովը, որին մասնակցել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։