ԿԽՄԿ-ն հայտնել է, որ քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ Արցախի իրենց տներում՝ նշելով, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները շարունակում են աշխատել տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին։
«Մեր աշխատակիցները դեռ շրջում են քաղաքի կենտրոնական վայրերում և լեռնային գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով։ Մենք տրամադրում ենք նրանց սնունդ և բժշկական օգնություն, նաև օգնում ենք կապ հաստատել հարազատների հետ կամ հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոփվելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։