«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը և «Աֆեյան» հիմնադրամի համանախագահ Աննա Աֆեյանը հայտարարել են, որ 2 միլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն կհատկացնեն ավելի քան 100.000 տեղահանված արցախցիներին, հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Հայտնում են, որ նվիրատվությունը կտրամադրի «Աֆեյան» հիմնադրամը, որը նախկինում ևս, միավորելով ջանքերն «Ավրորայի» հետ, աջակցել է արցախցիներին 2020 թվականի պատերազմից հետո: Այս վերջին ֆինանսական աջակցությունը կուղղվի մի քանի ոլորտների, այդ թվում՝ առաջնային կարիքների բավարարում, բժշկական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, ինչպես նաև երկարաժամկետ կրթական հնարավորությունների ստեղծում:
«Արցախի ժողովրդին ամիսներ շարունակ ահաբեկել են, հարձակվել նրանց վրա իրենց իսկ տներում, իսկ հետո բռնի տեղահանել գիշերվա կեսին: Յուրաքանչյուր փախստական արժանի է արժանապատիվ վերաբնակեցման Հայաստանում։ Քանի որ մոտենում է ձմեռը, հիմա է գործելու ժամանակը»,- ասվում է «Աֆեյան» հիմնադրամի հայտարարության մեջ։
Նախաձեռնությունը 2020թ. սեպտեմբերին՝ Արցախի դեմ ծավալված պատերազմից հետո, իրականացրել էր «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը՝ աջակցելով մարդասիրական լուրջ ճգնաժամի առաջ կանգնած տեղի բնակչությանը: Տեղահանված մարդկանց տրամադրվել էին սնունդ, կացարան և հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ ու կենսական նշանակության դեղորայք: