2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում փակվել են ութ դիտակետ և ռուս խաղաղապահների 16 ժամանակավոր դիտակետեր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ ճանապարհների երկայնքով երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվել է վեց հենակետ, այդ թվում՝ երկուսը ադրբեջանական կողմի հետ համատեղ։
Ռուսական գերատեսչության փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Ղարաբաղի բնակեցված շրջաններին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։