ՌԴ պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին զեկույցում փոխել է տեղանունները։
Հոկտեմբերի 25-ի տեղեկագրում նշվում է, որ խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի տարածքում»։ Մեկ օր առաջ տեղեկագրում օգտագործվել է «Ղարաբաղ» տեղանունը։
Ինչպես նաև հոկտեմբերի 24-ի հաղորդագրության համեմատ փոխվել են Լեռնային Ղարաբաղի շրջանների անվանումները, մասնավորապես՝ Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների փոխարեն հոկտեմբերի 25-ի տեղեկագիրը վերաբերում է համապատասխանաբար Աղդերեյի, Խոջավենդի, Խոջալուի շրջաններին։ Բացի այդ, տեղեկագրում Ստեփանակերտ անվան փոխարեն կա «Խանքենդի» տեղանունը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։