Կառավարությունն ընդունել է որոշում Արցախից բռնի տեղահանված բնակիչներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին, որով օրենքի ուժով նրանք դառնում են փախստական, այս մասին այսօր համապատասխան որոշում է կայացրել կառավարությունը։
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք օրենքի ուժով դառնում են փախստական և օգտվում են փախստականների համար օրենքով և միջազգային կոնվենցիաներով նախատեսված իրավունքից։ Ըստ նրա՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա ձեռնամուխ լինել նրանց իրավունքների և օրինական շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը։
Կառավարության որոշմամբ՝ ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվել հետևյալ անձինք՝ լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառում անցնող անձանց, ՀՀ տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը և այն անձինք, որոնք չեն ունեցել Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում հաշվառում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023թ․սեպտեմբերի 19-ից հետո հաշվառվել են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրենց մշտական բնակության վայրից բռնի տեղահանվել են համատարած բռնության և բռնության իրական սպառնալիքի՝ արտաքին հարձակման, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հասարակական կարգը խախտող իրադարձությունների և Ադրբեջանի հանրապետության հայատյաց, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու քաղաքականության պատճառով։ Փաստացի՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այսօր հնարավորություն չունեն վերադառնալ իրենց մշտական բնակության երկիր»,- ասել է նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում