Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը որոշակի մանրամասներ է ներկայացրել վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից՝ նշելով, որ եղել է գրեթե նույն զոհերի թիվը, ինչ ռազմական գործողությունների ընթացքում:
«Պայթյունը տեղի է ունեցել ՊԲ անձեռնմխելի պահեստում, որը մինչ ռազմական գործողությունները ձգտում էինք չօգտագործել, որովհետև նախատեսված էր հենց ռազմական գործողությունների վերսկսման դեպքում օգտագործելու համար: Մեր բնակչությունը խուճապի հետևանքով հայտնվել է այդ զորամասի պահեստում և այդ իրավիճակը բերել է նրան, որ չի պահպանվել անվտանգության տարրական կանոնները, իրականացվել է բենզինի ինքնուրույն դուրս բերում պահեստից, և այդ կանոնների խախտման պատճառով տեղի ունեցավ այդ պայթյունը, որը խլեց բավականին մեծ քանակի կյանքեր: Մենք ունեցել ենք գրեթե նույն զոհերի թիվը, ինչ ռազմական գործողությունների ընթացքում»,- ասել է նա:
Խոսելով մեղավորների, նրանց հայտնաբերման և ակնկալվող պատժի մասին՝ Շահրամանյանը նշել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե:
«Ես կխնդրեի ՔԿ-ի ղեկավարությանը հետևողական լինել, պարզել դեպքի բոլոր հանգամանքները, հայտնաբերել մեղավորներին և ենթարկել պատասխանատվության»,- նշել է Շահրամանյանը: