Հաջորդ քայլը պետք է լինի Արցախից տեղահանված մեր քաղաքացիների հետվերադարձը, Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Հաջորդ քայլը պետք է լինի այն, որ սկսենք զբաղվել այն հարցերով, որոնք թույլ կտան ամրագրել մեր ժողովրդի, Արցախից տեղահանված մեր քաղաքացիների հետվերադարձը։ Դա մեր օրակարգային հարցերից մեկն է և մենք պետք է սկսենք քննարկումներ՝ այդ թվում նաև ճանապարհների որոնումներ՝ այդ հարցի լուծման համար»,- ասել է նա:
Հարցին, թե ի՞նչ կարգավիճակով է ակնկալվում վերադարձն Արցախ՝ Շահրամանյանը պատասխանել է, որ դա բանակցությունների հարց է:
«Դա քննարկումների և բանակցությունների հարց է: Ինձ թվում է այդ հարցում շահագրգռված են տարբեր քաղաքական կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական, ինձ թվում է շահագրգռված է նաև Ադրբեջանը, որովհետև մեղադրանքներ են հնչում միջազգային հանրությունից, որ իրենք նպաստել են հայ բնակչության բռնի տեղահանմանը: Այդ հարցի շուրջ, ինձ թվում է, պետք է սկսել բանակցություններ»,- հավելել է Շահրամանյանը։