Սլովենիան 120 հազար եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, հայտնում է Սլովենիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը X-ում (նախկինում՝ Twitter):
«Հայաստանն օգնություն է առաջարկել Սլովենային նախորդ տարվա օգոստոսյան ջրհեղեղի ժամանակ, և այժմ Սլովենիան շնորհակալություն է հայտնում նրան՝ ԿԽՄԿ-ի միջոցով 120,000 եվրո նվիրաբերելով՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ Հայաստանը 50 հազար եվրո է հատկացրել Սլովենային՝ օգոստոսյան ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար, որը երկրին ավելի քան 500 միլիոն եվրոյի վնաս էր պատճառել։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։