2023 թվականի սեպտեմբերի 1-ը մեկնարկել է առանց 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի: ԿԳՄՍ նախարարությունից պարզաբանել էին, որ դասագրքերը 2 շաբաթվա ընթացքում կհասնեն դպրոցականներին, սակայն անցել է գրեթե 2 ամիս, իսկ դասագրքերի բաշխման գործընթացը դեռ ավարտված չէ, որոշ դպրոցներում դասագրքեր չկան, աշակերտներն օգտվում են թվայնացված դասագրքերից, համակարգիչներից և գաջեթներից:
Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են գնահատում դպրոցական դասագրքերի բովանդակությունը, ծանո՞թ են արդյոք դրան։
Մասնավորապես՝ հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են ծանոթ լայն քննարկումների առիթ դարձած 7-րդ դասարանի պատմության դասագրքին, որտեղ հեղինակներն Արցախը ներկայացրել են Ադրբեջանի մաս և ճի՞շտ է արդյոք հայոց պատմության դասագրքերում նման բովանդակություն ներկայացնելը։
«Առհասարակ, գտնում եմ, որ սա ճիշտ չէ ո՛չ 2-րդ, ո՛չ 5-րդ, ո՛չ էլ 7-րդ դասարանի աշակերտների համար: Գտնում եմ, որ դասագրքում պետք է գրվի այն, ինչը ոգևորող կլինի, ոչ թե ճնշող, որ երեխաներն իրենց պատմության մասին խեղաթյուրված գիտելիք չունենան, տեղեկացված լինեն, որ թե՛ Սյունիքը, թե՛ Արցախը բնիկ հայերով ավելի է բնակեցված եղել, քան Երևանը»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Մեկ այլ քաղաքացու համոզմամբ՝ բոլորը պետք է հասկանան, որ Արցախը Հայաստանին է պատկանում:
«Արցախը մե՛րն է եղել, Արևմտյան հողերը մե՛րն են եղել. Բաքուն ուզում է գրավել՝ չի կարող: Աստված է իր դատ ու դատաստանն անելու: Թող բոլորը հասկանան, որ Ղարաբաղը Հայաստանին է պատկանում, ոչ թե Արդրբեջանին»,- ընդգծեց նա:
Հարցմանը մասնակցած ուսուցչուհին էլ դժգոհեց տեքստերի բարդությունից. դրանք երեխաների համար ընկալելի չեն։
«Խնդիրները շատ են, տեքստը բարդ է գրված, երեխաները չեն հասկանում, չեն ընկալում, ստիպված նորից մեկնաբանում ես, բացատրում ես, եթե դու ուզես նոր չափորոշիչներով դասն անցկացնես՝ չի ստացվում, երեխան տեքստը չի ընկալում, քարտեզների հետ կապված հարցեր կան, ճգրտումների կարիք կա: Ինչ վերաբերվում է 7-րդ դասարանի գրքերին, ասեմ, որ դասագրքերը նախապես դպրոցներ ուղարկվել են և կոնկրետ մասնագետներ կան, որ իրենց կարծիքը պետք է գրեին, զարմանում եմ, որ դա չեն արել։ Ուրեմն ուշադիր չեն ուսումնասիրել քարտեզը, չեն նկատել, բնականաբար ժամանակին չեն տեսել, դա է խնդիրը, կարծում եմ, հարց է, ինչո՞ւ ժամանակին չեն արձագանքել»:
Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհեց դասագրքերի շատ խորացված լինելուց։
«Դժգոհ եմ այսօրվա դասագրքերից, դրանք մատչելի չեն երեխաների համար, գրականությունը, պատմությունը, լեզուն այնքան է խորացված, որ իսկապես մատչելի չեն երեխաների համար»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: