Կառավարության՝ նոյեմբերի 2-ին ընդունված որոշմամբ ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին ամսական 40000 դրամ և 10000 դրամ վճարելու համար բյուջեի պահուստային ֆոնդից 950 մլն դրամ կհատկացվի։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ խոսքը 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի մասին է, որով ԼՂ-ից տեղահանվածները 6 ամիս՝ մինչև 2024-ի մարտ ամիսը, ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի համար 40 հազար և 10 հազար դրամ աջակցություն են ստանալու։
Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ ՀՀ 2023 թվականի պետբյուջեից ծրագրի համար արդեն հատկացվել է 3.5 մլրդ դրամ՝ հոկտեմբեր ամսվա աջակցության գումարը տրամադրելու համար, որը, սակայն, չի բավարարել հոկտեմբերի գումարը բոլոր շահառուներին տրամադրելու համար:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Մանրամասները՝ տեսանյութում։