Արցախից բռնի տեղահանված շուրջ 140 ուսուցիչ դիմել էր աշխատանքի համար, նրանցից 60-ն արդեն իսկ գործուղվել է, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքիա Սվաջյանը։
Նա նաև ավելացրել է, որ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար առանձնացված հատուկ ծրագիր չկա, բայց բազմաթիվ հաստատություններում կան թափուր հաստիքներ և դրանց ղեկավարները հանձնարարական են ստացել թափուր հաստիքներն առանձնացնել և առաջարկել իրենց բնակավայրում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
Փոխնախարարը նաև հայտնել է, որ այսօրվա տվյալներով Արցախից բռնի տեղահանված 16646 աշակերտ ՀՀ հանրակրթական դպրոցներում է, ընդ որում՝ Երևանում՝ 5303 աշակերտ, Կոտայքի մարզում՝ 3045, Արարատի մարզում՝ 2171, Արմավիրում՝ 1389։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։