Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայից հետո և բռնագաղթի առաջին օրվանից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու կամավորների մեծ խմբեր են ձևավորվել։ Հայաստանի քաղաքացիները և աշխարհասփյուռ հայերը համախմբվել են արցախցիներին աջակցող տարբեր կազմակերպությունների շուրջ։ Բոլորին մեկ գաղափար է միավորել՝ լինել մեր հայրենակիցների կողքին։ Կամավորներն ամենօրյա ռեժիմով արցախցիների կողքին են՝ նրանց սնունդ, անհրաժեշտ իրեր են տրամադրում, բժշկական օգնություն և հոգեբանական աջակցություն են ցուցաբերում։
Armenia Today-ը բռնի տեղահանման առաջին օրերին Գորիսում զրուցել է այն կամավորների հետ, որոնք աշխատում էին բռնագաղթի ծանր ճանապարհն անցած ու մայր Հայաստան նոր ժամանած արցախցիների հետ։ Նրանք Գորիս տեղափոխված արցախցիներին օգնություն էին ցուցաբերում 24 ժամյա ռեժիմով։
«Վիվա. Բժիշկները և կամավորները՝ Հայաստանին» հիմնադրամի ներկայացուցիչներն օրվա մեջ քնում էին հերթափոխով՝ ընդամենը 3 ժամ։ Հիմնադրամի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանն Armenia Today-ին Գորիսում, հետո արդեն Երևանում է պատմել արցախցիների առաջնահերթ խնդիրների ու իրենց միացած կամավորների մասին։
«Մենք Արցախի դեմ ագրեսիայի առաջին իսկ օրվանից այստեղ ենք։ Մենք պատրաստ ենք նման իրավիճակների՝ հաշվի առնելով այն տարածաշրջանը, որտեղ ապրում ենք»,- նշել է «Վիվա. Բժիշկները և կամավորները՝ Հայաստանին» հիմնադրամի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը։
Հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ Արցախից բռնի տեղահանվածները բժիշկներին հաճախ դիմել են սրտանոթային խնդիրներով ու հոգեբանական աջակցության հարցերով։
«Վատ ինքնազգացողություն ունեցող բոլոր տեղահանվածների մոտ հիվանդությունների սրացում ենք արձանագրել։ Պատճառն այն է, որ շրջափակման մեջ լինելով՝ մարդիկ ամիսներով բժշկական խորհրդատվության հնարավորություն չեն ունեցել»,- հավելել է Հովհաննիսյանը։
Ճգնաժամային իրավիճակներում բարդ աշխատանքին պատրաստ կամավորների խումբը բարձր է գնահատում նաև մյուս նախաձեռնությունների աշխատանքը, որոնք ձևավորվել են արցախցիներին օգնելու համար։
«Երկրի համար այսքան բարդ ժամանակաշրջանում բարձր եմ գնահատում բարեգործական նախաձեռնությունների դերը։ Առանց այդ նախաձեռնությունների ամեն ինչ բավական բարդ կլիներ»,- ասում է Տատյանա Հովհաննիսյանը։
Նախաձեռնությունների շարքում նաև «Մենք ու մունք» է, որը ձևավորվել է 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նախաձեռնության ղեկավար Լիլիթ Ադիբեկյանի խոսքով՝ վերսկսել են գործունեությունը, երբ սկսվել է բռնի տեղահանումը։
«Երբ 2023-ին սկսվեց բռնի տեղահանումը, հասկացանք, որ անհրաժեշտ է նորից վերսկսել գործունեությունը, որովհետև այս մարդիկ գալիս են առանց որևէ անհրաժեշտ պարագաների։ Արդյունքում որոշեցինք վերակագնել քաղաքացիական նախաձեռնության աշխատանքները»,-նշել է Ադիբեկյանը։
Նրա խոսքով՝ եթե սկզբում միայն ընկերներով էին, հիմա ծանոթ ու անծանոթ շատերն են միացել իրենց։
«Մենք փորձում ենք առաջին շտապօգնությունը ցույց տալ մարդկանց, մինչև իրենք փորձեն ուշքի գալ իրենց հետ տեղի ունեցածից, աշխատանք, տուն գտնեն ու այդ առաջին փուլում չմտածեն կեցության մասին»,-հավելել է նա։
Օրվա կտրվածքով 600 անձի տաք սնունդով են ապահովում, հետո անցնում այլ անհրաժեշտ իրերի տեսակավորմանը։
«Մարդիկ արդուկ չունեն, թեյնիկ, կաթսաներ, ափսեներ, բաժակներ։ Մենք այդ ամենը հավաքագրում ենք, մեզ սիրով օգնում են մեր հայրենակիցները»,- ասում է Ադիբեկյանը։
«Մենք ու մունք»-ի անդամները մեզ պատմել են արցախցիների գրանցման գործընթացի մասին։
«Ունենք կայք, հեռախոսահամար, պետք է զանգահարել, թողնել անձնագրի տվյալները։ Մենք գրանցում ենք, պատրաստում ենք անհրաժեշտ փաթեթը, գալիս, տանում են։ Օգնել ենք շուրջ 4000 մարդու, դեռ 10 հազար մարդ կա գրանցված։ Այս պահին դադարեցրել ենք գրանցումը, որպեսզի օգնենք 10․000 անձանց։ Եթե հնարավորություն ունենանք շարունակելու, սիրով կանենք դա»,- ասում է Ադիբեկյանը։
«Մենք ու մունք» և «Վիվա» հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ իրենց ամեն օր նոր մարդիկ են միանում։
«Առավոտյան եկել եմ, տեսել եմ, որ մի տատիկ իր կաթսան է լվացրել, մաքրել, բերել և ասում է՝ ես միայն սա կարող էի բերել, իսկ այդ մի իրը հաստատ մեկին պետք է»,- պատմում է «Մենք ու մունք» նախաձեռնության անդամ Հասմիկ Հովհաննիսյանը։
Կամավորների շարքում նաև երեխաներ, դեռահասներ, անգամ հատուկ կարքներ ունեցող մարդիկ կան։ Նախաձեռնությունների ներկայացուցիչներն ասում են՝ ամենահուզիչն Արցախից բռնի տեղահանվածների՝ որպես կամավոր իրենց միանալու ցանկությունն է։
«Հոգուն է դիպչում այն, որ արցախցիներն են օգնում մեզ։ Իրենք շատ հաճախ ոչինչ չեն ունենում, բայց գալիս ու մեր կողքին են կանգնում»,-ասում է Վիվա. Բժիշկները և կամավորները՝ Հայաստանին» հիմնադրամի ղեկավարը՝ նշելով, որ նրանք օգնում են նաև արցախյան բարբառը հասկանալու գործում։
«Մարդիկ գալիս են իրենց փաթեթը վերցնելու ու ասում են՝ կարո՞ղ ենք մնալ ու օգնել ձեզ»,-հավելում է «Մենք ու մունք»-ի ղեկավարը։
Կամավոր Արմեն Խաթայանը, որը ծնվել է Ռուսաստանում, մի քանի շաբաթով է Հայաստան եկել ու միացել «Վիվա» հիմանդրամի կամավորներին։ Արմենը մեզ պատմել է, թե ինչով է օգնում թիմին ու արցախցիներին։
«Քանի որ չեմ տեսնում, գույների ու տեքստերի հետ կապված հարցերը թողնում եմ մյուս կամավորներին։ Սակայն տեղափոխելու, դասավորելու, հաշվարկ անելու հարցերում կարողանում եմ օգտակար լինել»,- ասում է Արմեն Խաթայանը։
Արմենը կամավորությունն ալտրուիզմի՝ այլ անձանց հանդեպ հոգատարության, բարեկեցության մասին մտածելու կարևոր գաղափարի հետ է համեմատում։
«Բավական է մի քանի ժամ տրամադրել, դրանով արդեն ներդրում ունենալ։ Գուցե չնչին է, բայց եթե այդ ամենն իրար գումարենք, կստացվի այն, որ օվկիանոսն էլ կաթիլներից է բաղկացած»,- ասում է նա։
«Հնարավոր է՝ մարդիկ, օգնություն ասելով, պատկերացնեն ինչ-որ բան, որի համար շատ մեծ ուժ ու ռեսուրսներ են անհրաժեշտ։ Բայց՝ ոչ։ Շաբաթվա մեջ կարելի է մի քանի օր կամ մի քանի ժամ տրամադրել ու այդպիսով մի փոքր ներդրում անել։ Միգուցե այդ մի փոքր ներդրումն ինքն իրենով չնչին իմաստ ունի, բայց եթե ամբողջն իրար գումարենք՝ կստացվի: Օվկիանոսն էլ կաթիլներից է բաղկացած»,-եզրափակել է Արմենը։
Արցախի մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու գաղափարի շուրջ համախմբված կամավորներն իրենց գործունեությունն աշխատանք չեն համարում։ Կարեկցանքով, հոգատարությամբ ու ջերմությամբ լցված նախաձեռնությունների կենտրոններում նախապես տեսակավորում են տարբեր տարիքի ու սեռի մարդկանց համար նախատեսված հագուստը, սնունդը և իրերը։ Կամավորներն օրվա մեջ երբեմն անգամ սնվելու ու հանգստանալու ժամանակ չունենալով են առանձնացնում իրերը, որ դրանք ժամանակին տեղավորեն նաև մարզեր ուղևորվող մեքենենարի մեջ․ ասում են՝ հանկարծ այնպես չլինի՝ խոստանան ու չկարողանան ուղարկել անհրաժեշտ օգնությունը։
Մանրամասները՝ Armenia Today-ի ռեպորտաժում։
Աննա Բադալյան
Նարե Ներսեսյան