Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հայտարարել է արցախցիներին աշխատանքով ապահովող բիզնեսներին արտոնություններ տալու տարբերակների քննարկումների մասին։
«Եկածների (արցախցիների) մեծ մասը պետական ծառայողներ են, և շատ են կողքից կոչեր հնչում, թե ինչո՞ւ պետական համակարգում նրանց բոլորին գործի չեն վերցնում։ Մեր պետական համակարգը տեղից ուռճացված է, և մենք չենք կարող ուղղակի աշխատատեղ ապահովելու համար մարդկանց ընդունել պետական համակարգում աշխատանքի, բայց այլ մեխանիզմներ, օրինակ՝ բիզնեսմենը, որը ԼՂ-ից տեղահանված մարդուն իր մոտ աշխատանքի է վերցնում, ունենա հարկային արտոնություն կամ իրենց տրվեն սուբսիդավորված որոշակի վարկեր, նման տարբերակներ քննարկվում են»,- ասել է Թունյանը՝ նշելով, որ Էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքային խումբ է ձևավորվել և մինչև տարեվերջ, ըստ նրա, կներկայացվի հստակ տեսլական։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։