ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, թե որտեղ և ինչ պետք է ներկայացնեն ԼՂ-ից տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Նշվում է, որ նոյեմբերի 6-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, ՀՀ քաղաքացիություն ստանալու իրենց դիմումները կարող են ներկայացնել Երևանում՝ Զաքյան 3, 118/1 հասցեում, իսկ մարզերում դիմումներ կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում:
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է.
– դիմում-հարցաթերթ,
– ծննդյան վկայական (եթե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ),
– ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վավեր անձնագիր,
– 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր),
– ամուսնության վկայականը և դրա պատճենը, եթե դիմումատուն փոխել է ազգանունը,
– այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
– պետական տուրքի վճարման անդորրագիր:
«Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների կողմից ներկայացվող դիմումները կքննվեն առավելագույնս սեղմ ժամկետներում: Քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։