ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը համաձայնություն են տվել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցին:
«Շրջանառության մեջ է դրվել այն, որ եթե հանկարծ մենք արցախահայության իրենց տները վերադառնալու հարցը բարձրացնենք, ապա Ադրբեջանն իր քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հարցը կդնի․ սա մերժամանակյա անբարոյականության և անմեղսունակության գագաթնակետն է: Փաշինյանն ու իր իշխանությունը արդեն մեկ տարուց ավել է, որ ադրբեջանցների Հայաստան գալու հարցը քննարկում են և համաձայնություն են տվել, անկլավների վերադարձի հարցին են համաձայնություն տվել»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է նա։
Օսկանյանի խոսքով՝ դիվանագիտական անմեղսուանկություն է այդ երկուսի վերադարձը նույն հարթության վրա դնել, քանի որ արցախահայերի վերադարձի հարցը վերաբերում է նրան, որ նրանք ընդամնենը մեկ ամիս առաջ են էթնիկ զտման արդյունքում փախստական դարձել:
«Նրանք այսօր իրավունք ունեն իրենց տները գնալ, իերնց հայրենիքը, որտեղ ապրել են սերունդներով, հազարամյակներ, որոնք երբեք Ադրբեջանի կազմում չեն եղել, սովետական շրջանում էլ ունեցել են ինքնավար մարզ և նախորդ 30 տարում էլ վարել են ինքնավարության պայքար»,- ասել է նա:
Օսկանյանը հավելել է, որ պետք է փորձել ինստիտուցիոնալ մեխանիզմներ գտնել, արցախահայերի վերադարձի հարցը միջազգային հանրության առաջ դնելու համար և այն պետք է լինի գլխավոր օրակարգային հարց։
ՀՀ ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ ՀՀ իշխանություններն Արցախը սկուտեղի վրա նվիրեցին Ադրբեջանին, և այսօր այդ նույն սկուտեղի վրա է նաև Հայաստանը, որը չգիտեն, թե ում տալ։
«Շատ հավանական է, որ ոչ մի արցախցի չկարողանա վերադառնալ իր բունը, իր հայրենիքը, բայց ինչ-որ պահի մենք տեսնենք, որ անկլավներ ենք տվել և «հյուրընկալել» ենք 100 հազարից ավելի ադրբեջանցիների»,- հավելել է Օսկանյանը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։