Հռոմում՝ Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) Գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանում, Հայաստանը ներկայացրել է ԼՂ պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Նստաշրջանին ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Հարություն Վանյանը հանդես է եկել զեկույցով: Նա ներկայացրել է ԼՂ պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները և Ադրբեջանի վարած շարունակական պետական քաղաքականությունը՝ հայկական հետքն Արցախից վերացնելու, պատմության և մշակույթի հուշարձաններն ավերելու կամ ինքնությունը կեղծելու վերաբերյալ։
Զեկույցում, մասնավորապես, շեշտվել է, որ միայն միջազգային հեղինակավոր կառույցների ճնշմամբ և գործիքակազմերով է հնարավոր փրկել հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը: Այս համատեքստում զեկույցում արձանագրվել է՝ նույն իրավիճակը ժամանակին եղել է նաև Նախիջևանում, որտեղ, ցավոք, հնարավոր չի եղել փրկել հայկական պատմամշակութային ժառանգությունը:
Ներկայացվել են հստակ փաստեր և թվեր՝ Ադրբեջանի կողմից արդեն իսկ իրականացված վանդալիզմի դեպքերի և հուշարձանների ավերումների վերաբերյալ, հղումներ են արվել մի շարք միջազգային հեղինակավոր կառույցների ընդունած բանաձևերին և որոշումներին, որոնք Ադրբեջանը, չհարգելով միջազգային իրավունքն ու կարգը, չի կատարում։
Նստաշրջանի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համագործակցել Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) հիմնական 4 ծրագրերից մեկի՝ Ճգնաժամերի ժամանակ մշակութային ժառանգության «Առաջին օգնություն և կայունություն» (FAR) նախագծի շրջանակում՝ հաշվի առնելով Հայաստանում վտանգված և սահմանային հուշարձանների թիվը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։