ՄԱԿ-ի նախկին իրավաբաններն արձագանքել են Թուրքիայի Աքդենիզի համալսարանի պրոֆեսոր Սաիդ Բաղերիի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղից հայերի կամավոր գաղթի մասին և ապացուցել, որ նրանք Հայաստանում են վերաբնակեցվել հարկադրաբար, հաղորդում է Opinio Juris-ը։
«Այս առումով նա հիմնականում, եթե ոչ ամբողջությամբ, միակն է միջազգային իրավական փորձագետների մեջ, որոնցից շատերը համոզված են, որ Լեռնային Ղարաբաղից հայերի տեղաշարժը հանցավոր կերպով պարտադրված է եղել»,- ասել են ՄԱԿ-ի Վեճերի տրիբունալի նախկին անդամ Ագնեշկա Կլոնովեցկա-Միլարտը և ՄԱԿ-ի նախկին իրավախորհրդատու Շեյլա Փայլանը։
Նրանք Բաղերիին մեղադրել են Բաքվի դիրքորոշումը կրկնելու մեջ և ընդգծել այն հայտարարությունների կեղծ լինելը, թե սեպտեմբերի վերջին տեղի ունեցած իրադարձությունները չեն համապատասխանում էթնիկ զտումների չափանիշներին։
Կլոնովեցկա-Միլարտը և Փայլանը նշել են, որ Բաղերին չի հիշատակել 2022 թվականի դեկտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակումը, Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք պահանջում են բացել Լաչինի միջանցքը և միջազգային իրավապահ կազմակերպությունների բազմաթիվ կոչերը՝ Ղարաբաղում էթնիկ զտումների սպառնալիքի մասին։
«Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանման բնույթի վերաբերյալ ցանկացած հնարավոր դատողություն, անշուշտ, կախված կլինի ապացույցների և իրավական եզրակացությունների համալիր զանգվածից: Բայց այս թեմայով ցանկացած լուրջ դիսկուրս չի կարող անտեսել հրապարակայնորեն հասանելի փաստերի առատությունը, որոնք վկայում են, որ արդյունքը պարտադրված է եղել»,- եզրափակել են փաստաբանները:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։