Լոս Անջելեսի շրջանի Վերահսկիչ խորհուրդը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկին, այս մասին հաղորդում է Ամերիկայի կոմիտեն (ANCA): Միջնորդությունը նախաձեռնել են խորհրդի անդամներ Լինդսի Հորվաթը և Քեթրին Բարգերը:
«Կարևոր է, որ մենք տեղեկացված լինենք Հայաստանում և Արցախում հայերի նկատմամբ իրականացվող շարունակական վայրագությունների մասին, քանի որ մեր պարտքն է միջամտել և չեզոքացնել հայ ժողովրդի դեմ հերթական ցեղասպանության սպառնալիքը»,- ասել է Հորվաթը:
Աջակցությունը կներառի հեռավար բժշկական ծառայություններ Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած բենզալցակայանի պայթյունից տուժածների այրվածքների բուժման համար, ինչպես նաև կամավոր բժիշկների ծառայություններ՝ Արցախի բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար։ Նախաձեռնությանն աջակցել են Լոս Անջելեսի Առողջապահության դեպարտամենտը և Ճամփորդող բժիշկներ կազմակերպությունը, նշել է Բարգերը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։