«Արցախի պետականության պահպանման հանձնախումբ»-ը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իրենց նախաձեռած գործընթացը չդարձնել ներքաղաքական շահարկումների առարկա:
Նշվում է, որ «Արցախի պետականության պահպանման հանձնախմբի» կողմից հրավիրված փակ հանդիպումն Արցախի պետականության պահպանման և հետագա քայլերն Արցախի նախագահի և Արցախի Ազգային Ժողովի պատգամավորների հետ համատեղ քննարկելու նպատակ էր հետապնդում։
«Հանդիպումը փակ էր և քննարկման բովանդակությունը չհանրայնացվեց: Մեր կողմից անընդունելի է ցանկացած միտում, որն ուղղված կլինի Արցախի մեր հայրենակիցների գործոնը ներքաղաքական տարաբնույթ խմորումներում օգտագործելուն»,- ընդգծել են հանձնախմբից՝ հավելելով, որ ընթացող աշխատանքների և հանդիպումների արդյունքներն առաջիկայում կներկայացնեն հանրությանը:
Նոյեմբերի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված արցախցի պատգամավորներն ԱԺ նիստ հրավիրելու վերաբերյալ քննարկումներ են սկսել:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։