Armenia Today-ն ահազանգ էր ստացել, որ Հանքավանի «Խոտորջուր» հանգստյան տանը և Հայաստանի մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում ապաստան գտած բռնի տեղահանված արցախցիներին մինչև նոյեմբերի 10-ը տարածքներից դուրս գալու ժամանակ են տվել։ Մենք զրուցել ենք հաստատությունների ներկայացուցիչների հետ, փորձել մեկնաբանություններ ստանալ նաև պետական մարմիններից։
Մանկավարժական համալսարանի աշխատակազմի և միջազգային հարցերով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը Armenia Today-ի հետ զրույցում նշել է, որ տարածքն ազատելու վերաբերյալ որևէ խոսք լինել չի կարող։ Այդուհանդերձ, համալսարանից մեզ հետ զրույցում չեն հերքել, որ բարդ իրավիճակի առաջ են կանգնել։
«Գործընթացը Սոցապնախարարության տիրույթում է։ Մենք մտահոգություններ ունենք։ Այո՛, այստեղ մեր հայրենակիցներն են, ովքեր շատ սթրեսային իրավիճակներ են ապրել։ Մենք մեզ էլ ենք մեղավոր զգում, որ իրենց համար ավելի լավ պայմաններ չենք կարողանում առաջարկել։ Մեր ուսումնական բազայում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շուրջ 50 անձ կա, որոնց բուժում է պետք հոգեկան առողջության հիմնարկություններում։ Նման տեղում, ինչպիսին ուսումնական բազան է, նրանց այսքան երկար չի կարելի պահել։ Ունենք նաև հարուցված քրեական գործեր՝ իրենց վիճաբանությունների հետ կապված։ Մենք մեր հայրենակիցներին պարտավոր ենք ավելի լավ պայմաններ տալ, ինչը, ցավոք, մեր ուսումնական բազան չի կարողանում տրամադրել»,-հայտնել է Հարությունյանը։
Նա տեղեկացրել է, որ Արցախից բռնի տեղահանման սկզբնական շրջանում Սոցապնախարարության հետ եղել է պայմանավորվածություն, ըստ որի՝ բազայում պետք է ընդունեին անկողնային խնամքի կարիք ունեցող 80 միայնակ ծերերի։
«Իսկ այսօրվա դրությամբ՝ մեր ուսումնական բազայում Արցախից բռնի տեղահանված շուրջ 150 հայրենակից կա, մոտ կեսը ծեր է, իսկ անկողնային խնամքի կարիք ունեցող ծերերը 30-ն են։ 150 հայրենակիցների թվում են նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 50 անձինք։ Մենք բանավոր տեղեկություն ունենք, որ Առողջապահության նախարարությունը հրաժարվում է իրենց ընդունել՝ ասելով, որ տեղ չունի։ Ստացվում է, որ Առողջապահությունը հրաժարվել է ընդունել, իսկ կրթական ոլորտն իրենց չի կարող ապահովել անհրաժեշտ պայմաններով»,- հավելել է պրոռեկտորը։
Հարությունյանն ընդգծել է՝ ընդամենը տրամադրել են տարածքը ու այսօր սպասում են Սոցապնախարարության լուծումներին։
«Մենք, իրականում, շատ մտահոգված ենք։ Հավատացեք, գիշերները չենք քնում, մտածելով՝ արդյո՞ք ամեն ինչ հանդարտ է, արդյոք ոչ ոք ոչ մեկի չի սպանի, չի վիրավորի։ Ինքս մի քանի անգամ այնտեղ եղել եմ ու տեսել եմ, թե մարդիկ ինչ վիճակում են»,- ասել է նա։
Հարությունյանն ասում է, որ եթե ամեն ինչ լիներ ըստ սկզբնական պայմանավորվածության, և իրենց մոտ միայն անկողնային խնամքի կարիք ունեցող 80 ծերեր լինեին, այսքան մտահոգությունների առաջ չէին կանգնի։
«Սեպտեմբերի վերջին մեզ ասել էին առավելագույնը 2-3 ամիս է հարկավոր, բայց այդ ժամանակ խոսել ենք միմիայն ծերերի մասին։ Բայց մենք մեկ ուսումնական բազա ունենք, որն օգտագործում ենք շատ ուսումնական գործընթացների համար։ Եթե միայն անկողնային խնամքի կարիք ունեցող 80 ծերերը լինեին, խնդիր չէինք ունենա, գործառույթները կկարողանայինք տեղափոխել։ Բայց մենք այսօր ունենք ուսուցիչների վերապատրաստման գործընթաց, որն իրականացնելու համար խնդրել ենք Ագրարային համալսարանին իրենց ուսումնական բազան մեզ տրամադրել։ Մենք հարմարվում ենք իրավիճակին, չենք ցանկանում խնդիր ստեղծել մեր հայրենակիցների համար, բայց, միևնույն ժամանակ, մտածում ենք նրանց որակյալ կյանքով, պայմաններով ապահովելու մասին, որոնք այստեղ չկան»,- շեշտել է ՀՊՄՀ ներկայացուցիչը։
«Խոտորջուր» հանգստյան տան տնօրեն Լևոն Միքայելյանն Armenia Today-ին հայտնել է, որ այս պահին իրենց մոտ Արցախից բռնի տեղահանված 6 անձ կա, որոնցից 2-ն այսօր գնալու են, քանի որ վարձով բնակարան են գտել։
«Կան մարդիկ, ովքեր հարազատների միջոցով են փորձում կացարան գտնել, տուն վարձակալել։ Մեր հայրենակիցներից որոշներն էլ չունեն այդ հնարավորությունը, որոնց թվում՝ այստեղ մնացած 4 անձինք ենք։ Մարզպետարանից եկել են, քննարկել ենք խնդիրը, տեղյակ են։ Հիմա փորձում են տեղափոխել նրանց կացարաններ, որ հետո որևէ սոցիալական ծրագրով տեղավորեն ծերանոցներում կամ այլ կենտրոններում»,- ասում է տնօրենը։
Լևոն Միքայելյանը մեզ հետ զրույցում հավաստիացրել է, որ որևէ դեպքում թույլ չի տա, որ բռնի տեղահանված հայրենակիցները դրսում մնան։
«Լուծում կտան, նոր դուրս կգան։ Մի քանի տարբերակ կա, կորոշեն։ Եթե պետությունը գտնի, որ այստեղ պետք է մնան, ես իրենց դուրս չեմ հանի։ Ոչ ոք դրսում չի մնա։ Մինչ այս պահը մենք օգնել ենք բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ու այդպես էլ կշարունակենք գործել»,- հավելել է Միքայելյանը։
Armenia Today-ը փորձել է նաև կապ հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարությունների հետ։
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը հայտնել է, որ Արցախից տեղահանված այն բուժառուները, ովքեր հոգեկան առողջության խնդիրներ ունեն, ստանում են ստացիոնար և ամբուլատոր բուժօգնություն։
«Մոբիլ թիմեր ենք ձևավորել, ովքեր այցելել են տարբեր կացարաններ։ Արցախից բռնի տեղահանված այն հայրենակիցները, ովքեր պետք է ստացիոնար բուժում ստանային, ստանում են։ Ովքեր ստացիոնար բուժման կարիք չունեն, բոլորը կցագրված են մարզային տարբեր հիվանդանոցների հոգեկան առողջության կաբինետներում․ այսինքն՝ գալիս են, բուժօգնություն են ստանում, դեղորայքը վերցնում և գնում են»,- ասել է ԱՆ խոսնակը՝ ընդգծելով, որ ուսումնական բազայի 50 անձանց մասով ինֆորմացիա չունեն։
«Մենք ինֆորմացիան ստանում ենք Սոցապից։ Ձեր մատնանշած ինֆորմացիայի մասով Սոցապը մեզ ոչինչ չի ասել։ Մենք խնդիր չունենք, եթե զգանք, որ ստացիոնար բուժման կարիք ունեն, կարող ենք ապահովել»,- հավելել է խոսնակը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե հոգեկան առողջության կենտրոններում տեղերի խնդիր կա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից դեռ երեկվանից մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Աննա Բադալյան