Բրիտանական British Petroleum (BP) նավթագազային ընկերության` Ադրբեջանում հանածո վառելիքին առնչվող նախագծերն օգնել են ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիան և տեղի հայերի էթնիկ զտումները, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Global Witness իրավապաշտպան կազմակերպությանը:
«BP-ն երկարամյա գործընկերություն ունի Ալիևի բռնապետական ռեժիմի հետ։ BP-ն ֆինանսավորել է Ադրբեջանի ռազմականացումը, և Հայաստանի դեմ ագրեսիան։ BP-ն ուրախ էր շարունակել հորատումը՝ ոչինչ չսովորելով Ռուսաստանում թույլ տված պատմական սխալից», -թերթին ասել է Global Witness-ի ավագ ակտիվիստ Դոմինիկ Իգլթոնը։
Թերթը նշել է, որ BP-ի երկու խոշոր նախագծերում Բաքվի մասնաբաժինն իշխանություններին գումար է բերել։ Արդյունքում, ըստ թերթի, վերջին երեք տարիներին երկրի ռազմական ծախսերն ավելի քան չորս անգամ ավելացել են։
«BP-ի Ֆինանսական հաշվետվությունները ցույց են տալիս, որ 2020 թվականից ի վեր Բաքվին մոտ 35 մլրդ դոլարի նավթ և գազ են մատակարարել համաշխարհային շուկայում: Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ Ադրբեջանի կառավարության ռազմական ծախսերը 2020-ի համեմատ ավելի քան չորս անգամ ավելացել են՝ հասնելով 7,9 մլրդ դոլարի»,- հստակեցրել է The Guardian-ը:
Պարբերականը հիշեցրել է նաև BP-ի վարչության նախագահ Հելգա Լունդի և նախկին գլխավոր տնօրեն Ջոն Բրաունի Բաքու այցի մասին՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի տոնակատարությանը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։