ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանում ունեցած ելույթում կոչ է արել կազմակերպությանը առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ հայկական մշակութային ժառանգության անկախ մոնիտորինգի և քարտեզագրման համար։
«Հայկական մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ առանցքային գործոն է հայկական մշակութային արժեքների ոչնչացումը կամ խեղաթյուրումը կանխելու հարցում, ինչը չհաջողվեց Նախիջևանում 1997-2006 թվականների ընթացքում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման դեպքում», – ասվում է Միրզոյանի հայտարարության մեջ։
Նա հիշեցրել է, որ 2020թ. աշնանից Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ահազանգել է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում հսկայական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման և յուրացման՝ Ադրբեջանի պետական քաղաքականության մասին։
«2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների վերաբերյալ ընդունված իրավաբանորեն պարտադիր որոշումը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողություններն՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության՝ ներառյալ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, շիրիմների և արտեֆակտների դեմ», – հայտարարել է նա։