Եվրոպական խորհրդարանում քննարկել են ԵՄ դերը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովման գործում, հայտնում է Եվրոպայի Հայ դատի հանձնախումը (EAFJD):
«Միջոցառման հիմնական նպատակն է չմոռանալ հանցագործությունները և հանցագործներին, ընդգծել տարածաշրջանում հայերի անքակտելի իրավունքները և ստիպել մտածել ապագայի մասին»,- ասել է Եվրախորհրդարանի անդամ Կոստաս Մավրիդիսը:
Համաժողովին մասնակցում էին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի համահիմնադիր Իրեն Վիկտորիա Մասիմինոն, ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը և EAFJD-ի ղեկավար Գասպար Կարապետյանը։
Մասսիմինոն ընդգծել է հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները կանխելու միջազգային հանրության ձախողումը և ԵՄ-ին կոչ է արել նպաստել հայ բանտարկյալների ազատ արձակմանը։ «Արցախի հայերին խնդրել ապրել ադրբեջանական ռեժիմի ներքո՝ նշանակում է նրանց մահապատժի ենթարկել։ Նրանց հայրենիքից արմատախիլ անելու դեմ քայլեր չձեռնարկելը ցեղասպանության արդարացումն է»,- հավելել է նա:
Փաստաբան Գառնիկ Քերքոնյանը նաև ԵՄ ղեկավարությանը մեղադրել է վերջին երեք տարիների իրադարձությունների համար և նշել, որ Եվրոպան գիտակցում է արցախահայությանն ադրբեջանական հասարակությանն ինտեգրելու բոլոր վտանգները, սակայն շարունակում է պնդել այդ ծրագրի իրականացումը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։
ԱՄՆ-ն և ԵՄ-ն կոչ են արել Բաքվին ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացողների անվտանգությունը: