Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանն Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է, թե ինչպես է տեղի ունեցել հանրապետության հայաթափումը՝ նշելով, որ հիմնական պատճառ էին դարձել քաղաքացիների շրջանում առկա խուճապային տրամադրությունները։
«Կային որոշ խմբեր, որոնք խուճապային տրամադրություններ էին առաջացնում։ Խոսվում էր, որ 3 օր ժամանակ է տրված, ովքեր հասցնեն տեղափոխվել ՀՀ, կհասցնեն, ովքեր չէ՝ կմնան (Արցախում)։ Երկրորդ տեղեկատվությունը՝ 30․000-ը մնալու են, չենք թողնելու դուրս գալ։ Մենք անընդհատ փորձում էինք այդ տեղեկությունները հերքել, ներկայացնել, որ խուճապի մատնվել պետք չէ, բայց, ցավոք, դա այդքան էլ չէր ստացվում»,- մանրամասնել է նա։
Արցախի պետնախարարը համաձայնել է այն դիտարկման հետ, որ պատերազմը կանգնեցնելուց հետո խուճապային տրամադրություններ չկային՝ ներկայացնելով, թե ինչից էր սկիզբ առել բնակիչների շրջանում խուճապը։
«Պատերազմն ավարտվելուց հետո մենք խոսում էինք բանակցությունների գնալու մասին, բանակցելու օրակարգ ունեինք, բայց երկու օր անց ադրբեջանական կողմն սկսեց ամբողջական պաշարումը՝ սկզբից Մարտակերտի շրջանն էր ամբողջությամբ շրջափակման մեջ, այնուհետև Մարտունու։ Ադրբեջանական զորքերի այդ առաջխաղացումը դեպի բնակավայրեր և ենթակառուցվածքների ամբողջությամբ խափանումը ճանապարհների առումով, ինչպես նաև՝ Ստեփանակերտին կապող ճանապարհների, սկսեց ստեղծել խուճապային տրամադրություններ»,- հավելել է Հարությունյանը։
Պետնախարարը խոսել է նաև արցախցիների փուլային տարհանման մասին։
«Ադրբեջանի հարձակումից մի քանի ժամ անց Արցախի կառավարությունը սկսեց տարհանել Ստեփանակերտ և օդանավակայանի տարածք Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների այն գյուղերի բնակիչներին, որոնք գտնվում էին հակառակորդի անմիջական կրակի տակ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այդ գյուղերի բնակիչների տարհանումը, շարունակվել է ողջ գիշեր՝ տարհանվածների թիվը հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, գերազանցել է 8 հազարը։
«Արդեն սեպտեմբերի 22-ին Արցախի բոլոր շրջանները կտրվել են մայրաքաղաք Ստեփանակերտից։ Մարտակերտի շրջանն ամբողջությամբ շրջափակվել է, Մարտունու շրջանը Ստեփանակերտին կապող երկու ճանապարհներ անցել են ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ։ Մարտակերտի, այնուհետև Մարտունու և Ասկերանի շրջանների բնակիչների տարհանումը շարունակվել է նաև հաջորդ օրերին՝ արդեն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Կառավարությունը քաղաքացիական պաշտպանության շտաբի հետ միասին տարհանվածներին ապաստան և սնունդ է տրամադրել։ Մասնավորապես, շուրջ 4 հազար տարհանվածների մի քանի օր շարունակ անվճար տաք սնունդ է տրամադրվել»,- նշել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։