Երևանի քաղաքապետարանը քննարկում է Ստեփանակերտում սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու հարցը: Տեղեկությունն Armenia today-ի հետ զրույցում հաստատել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Այս պահին դեռ որոշված չէ փոխհատուցման գումարի չափը, բայց, ամեն դեպքում, այդ քննարկումներն իրականությանը համապատասխանում են: Քննարկումների արդյունքում, երբ վերջնականապես կորոշվի գումարի չափը և տրամադրելու ձևաչափը, այդ մասին անպայման հավելյալ տեղեկատվություն կտանք: Այս պահին քննարկման փուլում են»,- ասել է նա:
Կոստանյանը չի մանրամասնել, թե քննարկումներն ինչ հարցերի շուրջ են, բայց, նրա խոսքով, դա հիմնականում կապված է գումարի չափի և մի շարք այլ հարցերի հետ: «Ամեն դեպքում, ինձ թվում է, առաջիկայում ավելի հստակ ինֆորմացիա կլինի»,- հավելել է նա:
Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ այդ թիվն անցնում է 220-ից:
Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը որոշակի մանրամասներ է ներկայացրել վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի մասին՝ նշելով, որ եղել է գրեթե նույն զոհերի թիվը, ինչ ռազմական գործողությունների ընթացքում: