Զգալի տարբերություն կա ԶԼՄ-ների արձագանքի միջև 2020-2023 թվականներին Արցախի հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիային, որն ավարտվեց ցեղասպանությունով և Գազայում Իսրայելի պատասխան գործողություններին՝ հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի ներխուժումից, ջարդերից և պատանդներ վերցնելուց հետո, գրել է թուրք լրագրող Ուզայ Բուլութը։
«Միջազգային լրատվամիջոցների մեծ մասն անտեսել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների, տների և այլ ոչ ռազմական թիրախների ռմբակոծությունները: Նրանք նաև անտեսել են ադրբեջանցի զինվորների կողմից հայերի նկատմամբ իրականացված գլխատումները և անդամահատումները»,- նշել է նա։
Լրագրողն ընդգծել է, որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և պատմականորեն եղել է Հայաստանի անբաժանելի մասը։
«Արցախը հայկական հանրապետություն է Հարավային Կովկասում։ Բնիկ հայերն այնտեղ ապրել են հազարամյակներ, մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը ռմբակոծեց և ներխուժեց նրանց տարածքը՝ ստիպելով շուրջ 120,000 հայերի փախչել իրենց կյանքի համար: Ադրբեջանը հավակնում է տարածաշրջանին, քանի որ 1920-ականներին Ստալինը իր «բաժանիր և տիրիր» ռազմավարության շրջանակներում Արցախը շնորհեց Խորհրդային Ադրբեջանին որպես ինքնավար մարզ: Սակայն Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում՝ փոխարենը պատմականորեն եղել է Հայաստանի անբաժանելի մասը։ Փաստորեն, 1991 թվականին Խորհրդային Միության փլուզմամբ ստեղծվեցին երկու անկախ և իրավահավասար հանրապետություններ՝ Ադրբեջանը և Արցախը»,- գրել է Բուլութը՝ նշելով, որ այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի ագրեսիան չի դադարում։
«Սեպտեմբերյան ռմբակոծությունները 2020 թվականից ի վեր Ադրբեջանի երկրորդ ռազմական հարձակումն էին Արցախի դեմ: Ավելի վաղ հարձակումը տեղի էր ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում Ադրբեջանը 44 օր շարունակ անխտիր ռմբակոծում էր քաղաքացիական տարածքները՝ ներառյալ հիվանդանոցներն ու դպրոցները»,- հիշեցրել է նա:
Թուրք լրագրողը նշել է, որ շատերը տեղյակ չեն 2020-23 թվականներին Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության իրական մասշտաբների մասին։
«Շատերը պարբերաբար հետևում են նորություններին և միջազգային զարգացումներին, սակայն տեղյակ չեն 2020-23 թվականներին Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության իրական մասշտաբների մասին։ Ադրբեջանի երկու դաժան պատերազմները, գորգերի ռմբակոծությունները, պաշարման սովամահությունը, հայերի գլխատումները և անդամահատումները, ինչպես նաև Արցախի հիվանդանոցների ու դպրոցների բռնի թիրախավորումը, պետք է հայտնվեին Արևմուտքում: Չնայած Ադրբեջանի կողմից արցախցի բնիկ և խաղաղասեր հայերի դեմ իրականացրած բազմաթիվ հանցագործություններին, մամուլում շատ քիչ փաստացի լուսաբանումներ են եղել։ Արևմտյան հիմնական լրատվամիջոցները լռում էին, գուցե նույնիսկ մեղսակից էին Ադրբեջանին: Նրանց լռությունն օգնել է Ադրբեջանին վտարել հայերին իրենց պապենական հայրենիքից։ Տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ կորցրել են իրենց տները, թողել ամեն ինչ և այժմ փախստականներ են, որոնք պայքարում են տնտեսական, բժշկական և հոգեբանական խնդիրների դեմ»,- գրել է նա։
Բուլութը հավելել է, որ հարցը պատասխան է պահանջում՝ ինչո՞ւ է արևմտյան լրատվամիջոցների մեծ մասն այդքան կույր և անտարբեր՝ վերջին երեք տարիներին Արցախի ցեղասպանության արձագանքման հարցում:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։