Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շենքից Արցախում ցեղասպանության մասին միջոցառման պաստառների անհետացման մասին և դրա համար մեղադրել Բաքվի ներկայացուցչին։
«Բոլոր պաստառներն արագորեն անհետացել են։ Ականատեսը մեզ պատմեց, որ մինչ միջոցառումը Ժնևում Ադրբեջանի դեսպանն ինքն է պոկել ու պատռել պաստառները»,- X-ում (նախկին Twitter) գրել է Բեգլարյանը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։